7 հոկտեմբերի, 2024 թ.

ՖԼԱՄԵՆԿՈ Ռեբեկա Օրտեգայի վարպետաց դասը

Սիրելի ուսանողներ,

տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:40-ին, տեղի կունենա պարուհի Ռեբեկա Օրտեգայի վարպետաց դասը «Ֆլամենկո» թեմայով:

Վարպետաց դասին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Խորեոգրաֆիայի ամբիոնում:

Վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 10:

Նշենք, որ Ռեբեկա Օրտեգան միջազգային ճանաչում է ձեռք բերել իր «RAÍCES» ներկայացմամբ, որը ստացել է աջակցություն Իսպանիայի դեսպանությունների, AECID-ի և Մադրիդի թատերական ցանցի կողմից։ Նա ավարտել է Սևիլիի պրոֆեսիոնալ պարային կոնսերվատորիայի «Դասական իսպանական պար» բաժինը և մասնագիտացել է ֆլամենկո, բալետ և դասական իսպանական պար ուղղություններում։

Ռեբեկան ակտիվորեն շրջագայել է ողջ Եվրոպայում և աշխարհում, իսկ 2022 թվականին մասնակցել է Jóvenes Creadores Danza Madroño մրցույթին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ։ Նա համագործակցել է նորարարական նախագծերում, այդ թվում՝ ելույթներ «PATAX» խմբի հետ, միացնելով ֆլամենկոն Մայքլ Ջեքսոնի շարժումներին, դասական հնդկական երաժշտությանը «KALASETU» նախագծում և համակցելով իր արվեստը Cirque-ի ու թատրոնի տարրերի հետ: