14 հունիսի, 2024 թ.

«Թամադա» ֆիլմը ցուցադրվել է Կինոյի տանը

Կինոյի տանը կայացավ իսպանացի ռեժիսոր Էրիկ Բուադելլայի «Թամադա» ֆիլմի ցուցադրությունը: Ավանդույթը պետք է պահպանվի ու շարունակվի: Սա «Թամադա» կատակերգության կարևոր ուղերձն է: Ֆիլմի հիմքում հայկական սեղանապետության ավանդույթն է: -Ինձ շատերն են հարցրել, թե ինչու եմ հայկական ավանդույթի հիման վրա ֆիլմ նկարում։ Ի՞նչն է իսպանացի կինոռեժիսորիս գրավել սեղանապետության ավանդույթի մեջ: Սա սեր էր առաջին հայացքից։ Մինչև սցենարը գրելը ես ականատես եմ եղել ընդամենը մեկ միջոցառման, որը ղեկավարում էր հայ թամադան: Ես անմիջապես հիացա իմպրովիզացիայի վարպետով։ Իմ նպատակը մեկն էր՝ պատմել այս ամենը կինոյի լեզվով,-մանրամասնում է ռեժիսորը:

«Թամադա» ֆիլմ արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 17th Malaga Spanish Film Festival-ում «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում: Ֆիլմի հեղինակը մասնակցել է FOX TV Directors Lab ծրագրին, ինչպես նաև եղել է Walt Disney TV Creative Talent Development & Inclusion-ի անդամ:

Նշենք, որ ֆիլմի դիտումն իրականացվել է Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի և ԵԹԿՊԻ-ի համագործակցությամբ՝ Հայաստանի կինոգործիչների միության աջակցությամբ: