«Մանկավարժի հաջողության գրավականը սերն է»․ Գաբրիել Խուդեդա
«Երիտասարդ դասախոս» նախագծի այսօրվա հյուրը ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, այժմ նաև Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Գաբրիել Խուդեդան է։ Նա աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես բալետի արտիստ, Պարարվեստի պետական քոլեջում, «Բարեկամություն» պետական համույթում։ Ներգրավված է բազմաթիվ ներկայացումներում, նաև մի շարք պարային բեմադրությունների ռեժիսոր է։
-Պարարվեստն ի՞նչ է փոխել Ձեր կյանքում։
-Պարն ինձ համար կյանք է, մարմնի և հոգու ներդաշնակություն։
Այն զգացմունքների և ապրումների դրսևորման միջոց է։ Պարն ինձ տվեց հոգևոր
սնունդ, մտքի թռիչք, ճիշտ կեցվածք և մանկավարժական հմտություններ։
-ԵԹԿՊԻ-ն տուն-արվեստանոց է բոլորիս համար։ Ինչպե՞ս կբնութագրեք այն ճանապարհը, որ անցել ու անցնում եք ինստիտուտում։
-Իմ անցած ուղին շատ բազմաբնույթ և հետաքրքիր է եղել։ Ես, որպես ուսանող,
երախտապարտ եմ իմ կրթօջախին՝ ԵԹԿՊԻ-ին, երախտապարտ եմ իմ դասախոսներին,
որոնց շնորհիվ ստացա բազում գիտելիքներ և ունեցա ձեռքբերումներ։
Ճիշտ է՝ ճանապարհս եղել է բարդ ու դժվարին, խոչընդոտներով լի, բայց
միևնույն ժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալից։ Իմ դասախոսներից վերցրեցի
գիտելիքների մի բույլ և այժմ փոխանցում եմ իմ ուսանողներին։
-Գաբրիել, մանկավարժությունն իր դժվարություններն ունի։ Ինչպե՞ս եք աշխատում ուսանողների հետ։
-Մանկավարժությունն անձի ձևավորումն է, յուրահատկությունը, ուսուցումը՝ մարդու կրթելու անընդմեջ գործընթացը, գիտելիքների հաղորդումը և յուրացումը։ Սիրելով մեր աշխատանքը՝ պետք է մեզ ճիշտ դրսևորենք ուսանողների հետ՝ շղթայական փոխադարձ կապ ստեղծելով, որպեսզի դասընթացն անցնի արդյունավետ և բովանդակալից. չէ՞ որ բազմաթիվ ուսանողներ սպասում են մեր գնահատանքին։ Մանկավարժի հաջողության գրավականն է՝ սիրել և սիրվել ուսանողների կողմից։
-Ձեր ուժեղ կողմերը որպես պարող որո՞նք են, որ նաև առօրյա կյանքում է դրսևորվում։
-Կամքի ուժ, վճռականություն, պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում։
-Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա և ապագա ուսանողներին։
-Առաջին հերթին սիրել ընտրած մասնագիտությունը, գոտեպնդվել մեծ համբերությամբ, վճռականությամբ և ամենակարևորը՝ զինվել կամքի ուժով, որպեսզի բոլոր խոչընդոտներն ու արգելքները կարողանան հաղթահարել, նույն ոգով շարունակել ընտրած ուղին։