«Ֆրեսկոներ Փարաջանովի համար» ցուցահանդեսը ԵԹԿՊԻ-ում
ԵԹԿՊԻ-ում բացվել է իսրայելցի նկարչուհի Պոլինա Չիժևսկայի «Ֆրեսկոներ Փարաջանովի համար» խորագրով ցուցահանդեսը: Այս շարքը ստեղծվել է 1996-1997 թվականներին և հարգանքի տուրք է արվեստի մեծ վարպետին։ Ցուցահանդեսը Սերգեյ Փարաջանովի ճակատագրի և ստեղծագործության դրամատիկ, պոետիկ լուսաբանումն է։ Սա յուրատեսակ ուղերձ է գեղարվեստական կերպարների միջոցով, ինչպես նաև հիշեցում այն մասին, որ մարդու ազատությունը հնարավոր է ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում։
Ցուցահանդեսի բացման ժամանակ իրենց ելույթներում ռեկտոր Սառա Նալբանդյանն ու Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ընդգծեցին նկարչուհու ստեղծագործությունների ներքին ռիթմը, գունային նուրբ համադրություններն ու խորհրդանիշների օգտագործումը։
Նկարչուհու սերը հայկական մշակույթի նկատմամբ ծնվել է դեռ երիտասարդ տարիքում՝ Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի հանճարեղ գեղանկարչությանը ծանոթանալուց հետո, իսկ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը դարձել են իրական բացահայտում երիտասարդ նկարչուհու համար։
-Փարաջանովի ֆիլմերը կարծես արթնացրին ինձ կյանքի կարևոր մի կետում. դրանք նորից հայտնաբերեցին իմ տեսողությունը, լսողությունը և ներըմբռնում: Նրա ֆիլմերի ամեն դիտումից հետո ես ուզում էի նկարել թղթի կտորների վրա: Ուրախությունները, ողբերգությունները, երազները, գուշակությունները, նույնիսկ խորաթափանցությունը գտան իրենց պատկերները,-նշում է նկարչուհին:
Դուք նույնպես կարող եք հաղորդակից դառնալ այս ստեղծագործություններին մինչև սեպտեմբերի 20-ը: