Պատմություն

Ինստիտուտի երեկը

Խորհրդային շրջանում ծագեց դերասանների և ռեժիսորների առավել հիմնարար կրթության անհրաժեշտություն։ 1944 թվականին Երևանում բացվեց պետական թատերական ինստիտուտը՝ դերասանական, ռեժիսորական և թատերագիտական բաժիններով։ Այս իրադարձությամբ Հայաստանի թատերական կյանքում սկսվեց նոր դարաշրջան։

Ինստիտուտի երեկը (3).webp

Ինստիտուտի տնօրեն է նշանակվում արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը։ Ուսումնագիտական գծով տեղակալ է նշանակվում թատերական ուսումնարանի նախկին տնօրեն Սուրեն Դանիելյանը։ Ինստիտուտում կազմակերպվում են ռեժիսորական, դերասանական և թատերագիտական առանձին դեկանատներ։ Դերասանական ֆակուլտետի դեկան է նշանակվում դերասան Մուրադ Կոստանյանը, ռեժիսորականում՝ դերասան Գուրգեն Գաբրիելյանը, իսկ թատերագիտական ֆակուլտետում՝ Սարգիս Մելիքսեթյանը։ Ստեղծվում են նաև դերասանի վարպետության և ռեժիսուրայի, մաքսիզմ-լենինիզմի, թատրոնի և արվեստի պատմության, ռազմական պատրաստության, իսկ հաջորդ ուսումնական տարում՝ բեմական շարժման և լեզվի ու գրականության ամբիոններ։

ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1952 թվականի հոկտեմբերի 21-ի կարգադրության համաձայն՝ Հայակական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության 1952 թ․ դեկտեմբերի 8-ի թիվ 482 հրամանով միավորվում են թատերական և գեղարվեստական ինստիտուտները, և ստեղծվում է գեղարվեստա- թատերական ինստիտուտը։ Նորաստեղծ ինստիտուտի ռեկտոր է նշանակվում ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը, իսկ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ դոցենտ, Եղ․ Մարտիկյանը։ Սակայն մի քանի ամիս անց, Վ․ Վարդանյանին Հայկական ՍՍՀ մշակույթի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ, ռեկտոր է նշանակվում պրոֆեսոր Արա Սարգսյանը, իսկ պրոռեկտոր՝ դոցենտ Սուրեն Դանիելյանը։

Ինստիտուտների միավորումից հետո լուծարվում է թատերագիտականը, և ժամանակավորապես դադարեցվում է ընդունելությունը ռեժիսորական ֆակուլտետում։ Դերասանական, գունանկարչական և քանդակարգործական ֆակուլտետները միավորվում են մի դեկանատում՝ Մանուկ Հովսեփյանի ղեկավարությամբ։

Ինստիտուտի երեկը (4).webp
426607240_792751912877267_7641603343595145523_n.webp

Շուրջ քսանհինգ տարի Հայկական ՍՍՀ արվեստի այդ կարևոր բուհը գլխավորելուց հետո՝ 1959 թ․ Արա Սարգսյանն անցնում է գիտական ու ստեղծագործական աշխատանքի, և ռեկտոր է նշանակվում բուհական աշխատանքի երկարամյա փորձ ունեցող դոցենտ Մարտին Չարյանը։

Թատերական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնը, որը ղեկավարում էր Վավիկ Վարդանյանը, առաջին իսկ տարում դասախոսական աշխատանքի է հրավիրում Վաղարշ Վաղարշյանին, Վարդան Աճեմյանին, Լևոն Քալանթարին, Ռուզան Վարդանյանին, Գուրգեն Գաբրիելյանին, Գարուշ Խաժակյանին, Մուրադ Կոստանյանին, Սարգիս Քոչարյանին, Հրաչուհի Ջինանյանին, Մաթևոս Սանամյանին և Երվանդ Քոչարին։ Հետագա տարիներին ամբիոնը համալրվում է նոր ուժերով, որոնց թվում էին՝ Արմեն Գուլակյանը, Տիգրան Շամիրխանյանը, Թաթիկ Սարյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Հայկուհի Գարագաշը, Պատվական Բարխուդարյանը, Կարո Մինասյանը, Հրաչյա Ղափլանյանը, Խորեն Աբրահամյանը և ուրիշներ։

Ինստիտուտի երեկը (5).webp
416977633_770643728421419_2936453830034238118_n.webp

Մասնագետ դասախոսների այդ խմբի ջանքերով հարթվում է դերասնական և ռեժսորական կադրերի պատրաստման առաջին դժվարին ուղին, մշակվում են ծրագրամեթոդական կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ էին ուսումնադաստիարակչական աշխատանքները ճիշտ և ժամանակին կազմակերպելու համար։

Ռեժիսուրայի գծով ինստիտուտ հրավիրվեց Արտաշես Հովսեփյանը, որը 1966 թվականից որպես ամբիոնի վարիչ փոխարինեց Վավիկ Վարդանյանին։ Ինստիտուտի շրջանավարտներից կուրսի ղեկավարներ նշանակվեցին ասիստենտական աշխատանքի բովով անցած Զավեն Տատինցյանը, Ռոլանդա Խարազյանը, Մարատ Մարինոսյանը, Կիմ Արզումանյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, հետագայում աշխատանքի հրավիրվեցին ինստիտուտի շրջանավարտներից Երվանդ Ղազանչյանը, Ալեքսանդր Քոչարյանը, Հրաչյա Աշուղյանը, Գրիգոր Մկրտչյանը, Անտոն Աղայանցը, Միհրան Ջանիկյանը, Էմմա Խոսրովյանը, Նելլի Աբաջյանը, Տանյա Հակոբյանը, Լենա Սահակյանը և Մայիս Ռաֆայելյանը։ «Բեմական խոսք» առարկան դասավանդելու համար հրավիրվեցին Լևոն Քալանթարը, Ռուզաննա Վարդանյանը, Հայկուհի Գարագաշը, որոնց հետագայում փոխարինեցին Սուրեն Արևշատյանը, Ալեքսանդր Ադամյանը, ինստիտուտի շնորհալի շրջանավարտներից Էլզա Գյուլիսերյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Անահիտ Ղազարյանը, Սիրվարդ Մեսրոպյանը և ուրիշներ։

Ինստիտուտի երեկը.webp
418737463_774607094691749_487003976845292848_n.webp

«Բեմական շարժում» առարկան դասավանդելու համար թատերական ինստիտուտ հրավիրվեցին պարարվեստի անվանի մասնագետներ Սրբուհի Լիսիցյանը, որին միաժամանակ հանձնեցին բեմական շարժման ամբիոնի ղեկավարությունը, ապա՝ Զարեհ Մուրադյանը, Աննա Դուրինայնը, իսկ «Երաժշտական գրականություն» և «Մեներգ» առարկաների դասավանդումը հանձնարարվեց Լուսիկ Աբեղյանին և Հեղինե Մուսինյանին։

Տեսական-մասնագիտական առարկաների ուսուցման բարձր որակն ապահովելու համար թատրոնի և արվեստի պատմության ամբիոնում համախմբվեցին հանրապետության լավագույն թատերագետները։ Այդ ամբիոնի վարիչ նշանակվեց Ս․ Մելիքսեթյանը, որը դասավանդում էր նաև «Եվրոպական թատրոն» առարկան։ Նրան հետագայում փոխարինեցին Ռուբեն Զարյանը և Սուրեն Հարությունյանը։ Միաժամանակ դասախոսական աշխատանքի հրավիրվեցին Գարեգին Լևոնյանը, Ռուբեն Դրամբյանը, պրոֆեսոր Անուշավան Տեր-Ղևոնդյանը և Ցիցիլիա Բրուտյանը։ Ամբիոնի աշխատանքներում մեծ ավանդ ունեն նաև պրոֆեսոր Հայկ Գյուլիքեխվյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Գևորգ Մարջանյանը, Լևոն Ազարյանը, Տիգրան Հախումյանը, Ներսես Ղահրամանյանը, Եղիշե Հովհաննիսյանը, Լուիզա Սամվելյանը։

Ինստիտուտի երեկը (2).webp
416845511_769298631889262_4226672591005395985_n.webp

Թատերական ֆակուլտետում գրաբարի դասախոսություն էր կարդում Գրիգոր Ղափանցյանը, իսկ հայ գրականություն՝ Մկրտիչ Մկրյանը, Հովհաննդես Ղանալանյանը և Խորեն Այվազյանը։ Արտասահմանյան գրականության դասընթացը վարելու համար հրավիրվում են Նորայր Դաբաղյանն ու Արամ Բուդաղյանը, ռուս գրականության՝ Ռոբերտ Վարդազարյանը։ Հաջորդ ուսումնական տարում ստեղծվում է լեզվի և գրականության ամբիոն, որի վարիչ է նշանակվում Հ․ Ղանալանյանը, իսկ 1948 թվականից ամբիոնը ղեկավարում է Ս․ Դանիելյանը։ Հետագայում գրաբարի դասավանդումը ստանձնում է Վարագ Առաքելյանը, հայ գրականությունը՝ Գուրգեն Հովնանը և Հրայր Մուրադյանը, իսկ ռուս գրականությունը՝ Ռուսեթ Հովհաննիսյանը։ Արևմտաեվրոպական թատրոնի պատմության դասախոսությունների շարքը կարդացել են պրոֆեսոր Ալեքսեյ Ջիվիլեգովը, իտալական թատրոնի հատուկ դասընթաց՝ պրոֆեսոր Գևորգ Բոյաջիևը, տարիներ շարունակ ռուս թատրոնի պատմության դասախոսություններ է կարդացել պրոֆեսոր Գևորգ Գոյանը, ՍՍՀՄ ժողովուրդների թատրոնի պատմություն՝ պրոֆեսոր Արշալույս Արշակունին, վրաց թատրոնի պատմություն՝ պրոֆեսոր Պաղավան և ուրիշներ։

Նոր փուլ

1998 թվականից Երևանի թատերական արվեստի ինստիտուտը ղեկավարել է նշանավոր մտավորական, կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը։ Առաջին հերթին նոր ասպարեզում իր գործունեությունը վարպետն սկսեց ինստիտուտի հիմնարար վերանորոգումից։ Ստեղծվեցին բոլոր պայմանները բնականոն ուսումնաստեղծագործական աշխատանքների համար։ Ամբողջովին վերանարոգվեց և վերափոխվեց ուսանողական թատրոնը։

Նոր փուլ (6).webp

1999 թ․ ինստիտուտն աստիճանաբար ընդլայնելով իր ուղղվածությունը՝ վերանվանվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասաններ, երաժշտական թատրոնի դերասաններ, մնջախաղի, տիկնիկային թատրոնի, խամաճիկների թատրոնի, դրամատիկական թատրոնի ռեժիսորներ, թատերագետներ, կինոգետներ, սցենարիստներ և այլն․ այսպես էր մասնագիտությունների ցանկն այդ ժամանակ, որը շարունակվեց ընդլայնվել։ Նոր մասնագիտություններ կինոբաժնում։ Ինստիտուտում սկսեց գործել երիտասարդ կինոգետների և քննադատների կազմակերպություն, որը ստեղծել է հայկական ֆիլմերի եռալեզու կատալոգ, ինչը բարձր է գնահատվել նաև հանրապետությունից դուրս։

Նոր փուլ (5).webp
428620883_801748465310945_8915695513756604127_n.webp

Ինստիտուտի ուսանողների ուժերով 2000 թվականին հիմնադրվել է «Արվեստ» ամսագիրը, որը շարունակել է գործել մինչև 2008 թվականը։

Նոր փուլ (3).webp

2002 թվականին հիմնադրվել է «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որի գլխավոր խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը։ Հիմնադման օրվանից ժողովածուի կարևոր գործառույթներից է երիտասարդ մասնագետների՝ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների, նաև դասախոսների ներգրավումը գիտական, մեթոդական, տեսական և հետազոտական աշխատանքներում։ «Հանդեսը» տպագրվում է տարեկան երկու անգամ։

Նոր փուլ (2).webp

«Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն կայացել է  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի, մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագետ, կինոգետ Անելկա Գրիգորյանի, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանի, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանի, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանի, պրոֆեսորներ Անետա Երզնկյանի, Աննա Հեքեքյանի, Գրետա Մեջլումյանի և այլ ականավոր մարդկանց համագործակցությամբ և հոդվածներով։

Նոր փուլ (4).webp

2014 թվականին հիմնադրվել է ուսանողական «Կինո/թատրոն» ամսագիրը, որն արձանագրում է ուսանողների և դասախոսների ընթացիկ ակադեմիական կյանքը, անցած ուղին, հաջողությունները և գործունեությունն ինստիտուտում և դրանից դուրս։

Նոր փուլ.webp

Ինստիտուտի այսօրը

Ինստիտուտի այսօրը.webp

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ունի երեք ֆակուլտետ՝ Թատրոնի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի, Արվեստի պատմության, տեսության և կառավարման։ Ինստիտուտն ունի մասնաճյուղեր Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքներում։

Բուհում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինոսրահներում, տաղավարներում: Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան, ֆիլմադարան։ Մասնագիտական գրականությունը պարբերաբար համալրվում է արտաքին և տեղական գործընկերների հետ համագործակցության արդյունքում։ Բուհն ունի գործընկերներ աշխարհի տարբեր մասերում։

Բուհում ակտիվորեն գործում են Ուսանողական խորհուրդն (ՈՒԽ) ու Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը(ՈՒԳՍԸ), որոնք ավելի են աշխուժացնում ուսանողական կյանքը՝ կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ, գիտաժողովներ, ստեղծագործական մրցույթներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի և ներկայացումների ցուցադրություններ, ժամանցային ծրագրեր։

2014 թվականից ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին։

Տարբեր տարիների բուհը ղեկավարել են հայ արվեստի նշանավոր գործիչներ Վավիկ Վարդանյանը՝ 1949-1952 թթ․, Արա Սարգսյանը՝ 1952-1959 թթ․, Մարտին Չարյանը՝  1959-1974 թթ․, Վահագն Մկրտչյանը՝ 1974-1994 թթ․, Վահե Շահվերդյանը՝  1994-1998 թթ․,  Սոս Սարգսյանը՝ 1998-2005 թթ․, Հրաչյա Գասպարյանը՝  2005-2010 թթ․, Արմեն Մազմանյանը՝  2010-2014 թթ․, Դավիթ Մուրադյանը՝ 2014-2019 թթ․, Լիլիթ Արզումանյանը՝ 2019-2023 թթ․։

2023 թվականից ԵԹԿՊԻ-ի ռեկտորն է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը։