ԵԹԿՊԻ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Miranai - Client Welcome Kit Presentation (14).webp

ԵԹԿՊԻ-ն համագործակցում է «Զեյթուն-Ուսանողական Ավան» հիմնադրամի հանրակացարանի հետ, որն առաջարկում է հարմարավետ պայմաններ մեր բուհի ուսանողների համար։

Պայմաններ

Զեյթունի հանրակացարանում սենյակները տրամադրվում են 11 ամիս ժամկետով։ Վարձի ողջ չափը կազմում է 110,000 ՀՀ դրամ

Արտարժույթով վարձավճարին ծանոթանալու համար հետևեք ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքին:

Ուշադրություն. Վարձավճարի գումարը չի ներառում հոսանքի վարձը։ Սպառած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման կարգին ու «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի վաճառքի սակագներին ծանոթացեք այստեղ:

Յուրաքանչյուր սենյակում կարող է բնակվել մինչև երկու ուսանող։

Եթե ուսանողը ցանկանում է սենյակում բնակվել միայնակ, պետք է վճարի երկու անձի վարձավճար՝ 220,000 ՀՀ դրամ:

Հանրակացարանների բոլոր սենյակները հագեցած են օգտագործման համար անհրաժեշտ պարագաներով և կահավորանքով, այդ թվում՝ մահճակալներով, զգեստապահարանով, աթոռներով և սեղանով։ Բացի այդ, սենյակում հասանելի է մշտական ջուր, առկա է կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Խոհանոցը, սանհանգույցներն ու լոգարանն ընդհանուր են։ Լոգարանը վճարովի է։

Դիմելու կարգը

Զեյթունի ուսանողական հանրակացարանում սենյակ վարձելու համար հարկավոր է ընթացիկ տարվա քննական շրջանի ավարտի և հաջորդ ուսումնական տարվա սկզբի միջև ընկած ժամանակահատվածում (ապագա ուսանողների դեպքում՝ ընդունելության քննությունների պատասխանների ստացման և ուսումնական տարվա սկզբի միջև ընկած ժամանակահատվածում) դիմել ձեր ֆակուլտետի դեկանատ՝ ԵԹԿՊԻ-ի ուսանող հանդիսանալու մասին տեղեկանք ստանալու համար:

Տեղեկանքը, ինչպես նաև անձնագրի պատճենն ու երկու լուսանկար (3x4սմ) անհրաժեշտ է առձեռն ներկայացնել հանրակացարանի տնօրենին։

Բնակության տեղի հատկացման մասին որոշումը կացարանի տնօրենությունը կայացնում է տեղում։ Ուսանողը կարող է հանրակացարանում տեղավորվել ղեկավարության դրական պատասխանը ստանալուց անմիջապես հետո:

Ուսանողը կարող է մերժվել միայն ազատ սենյակի բացակայության դեպքում։

Վճարման կարգը

Հանրակացարանի վարձը հարկավոր է վճարել վերոնշյալ փաստաթղթերը հանրակացարան ներկայացնելիս՝ միանվագ կարգով։

Հնարավոր է նաև վճարումը կատարել 50%-50% տարբերակով՝ վճարելով երկու անգամ 55․000-ական ՀՀ դրամ. առաջին անգամ՝ փաստաթղթերը ներկայացնելիս, երկրորդ անգամ՝ մինչև գարնանային կիսամյակի սկիզբը։ Վճարման պայմանները հստակ ձևակերպվում են հանրակացարանի և ուսանողի միջև ստորագրվող պայմանագրում։

Հուշում. Հանրակացարանի ադմինիստրացիան գերադասում է վճարման միանվագ տարբերակը։

Ուշադրություն. Ո՛չ պետությունը, ո՛չ էլ ԵԹԿՊԻ-ն չեն տրամադրում ֆինանսական աջակցություն հանրակացարանում կացության վարձը վճարելու համար։

Հեռ․՝ 010-241640