«Կինոյում ու կինոյով երջանիկ եմ»․ Հասմիկ Մովսիսյան
Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի դասախոս Հասմիկ Մովսիսյանը բժշկական կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, որն ավարտելուց հետո որոշել է գնալ իր երազանքի հետևից և զբաղվել կինոռեժիսուրայով: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը։ Նկարահանել է «Ապնոե», «Կողք կողքի», «Հարիսա», «250 կմ» ֆիլմերը, որոնք արժանացել են մի շարք մրցանակների։
Մեր զրուցակիցը Հասմիկ Մովսիսյանն է։
-Հասմիկ, ինչո՞ւ որոշեցիք դասախոսել ԵԹԿՊԻ-ում։
-Մի պահ եկավ, որ մտածեցի գիտելիքներս ու փորձս փոխանցել մարդկանց, ովքեր ընտրել են կինոյի բարդ ու հետաքրքիր ճանապարհը։ Իրականում, բացի ոլորտի լավագույնների՝ Ալեքսանդր և Վլադիմիր Կոտտերի ու Աննա Ֆենչենկոյի արվեստանոցում սովորելուց, նաև իմ կյանքում պրակտիկ մեծ ընթացք եմ ունեցել, աշխատել մեծ ու փոքր նկարահանման հրապարակներում ու տարաբնույթ նախագծերում։
-Ուսանողների հետ աշխատելու ամենակարևոր սկզբունքը։
-Ամենակարևոր սկզբունքը՝ ընդունել նրանց յուրօրինակությունը, որովհետև յուրաքանչյուրը տեսակ է, առանձնահատուկ բնավորություն ունի։ Ւմ նպատակն է զարգացնել այն ուժեղ կողմերը, որոնք ունեն ուսանողները։ Այս ամենի հետ միասին նպատակ ունեմ սովորեցնել կինոարվեստի այն կանոնները, որոնք ընդհանուր են աշխարհում։
-Մանկավարժական գործունեությունը չի՞ խանգարում ստեղծագործական գործունեությանը։
-Իրականում օգնում է, կյանքն ավելի դինամիկ է դառնում։ Ես զգացել եմ այդ դինամիկան։ Կյանքի ստեղծագործական վառ փուլերից հետո մանկավարժությունը կարող է լցնել օրդ և «հանգստացնել»՝ մինչև հաջորդ ստեղծագործական ակտիվ գործընթացները։
-Բազմաթիվ միջազգային կինոփառատոների եք մասնակցել, ծանոթ եք արտերկրներում արտադրվող ֆիլմերին։ Ըստ Ձեզ՝ հայկական ժամանակակից կինոն ի՞նչ փուլում է գտնվում, այն մրցունա՞կ է։
-Հայ կինոն աշխարհին դեռ շատ բան ունի պատմելու։ Այսօր շատ ֆիլմեր են նկարահանվում, տարբեր մակարդակների, բայց դեռ չկա այն մրցունակությունն, ինչպես աշխարհում է։ Ուրախալի է, որ անընդհատ նոր փնտրտուքներ կան մեր կինոյում։ Փոքր ֆիլմերով էլ կարող ենք մեծ պատմություններ պատմել․․․
-Կնշե՞ք այն երկու ֆիլմերը, որոնք մի քանի անգամ դիտելու ներքին պահանջ եք ունեցել։
-«Սառը պատերազմ» ֆիլմը, որը ժամանակի մասին է։ Այս ֆիլմում ամեն ինչ շատ ներդաշնակ է, զգացմունքային, ինտելեկտուալ։ Մյուսը «Բարև, ես եմ» ֆիլմն է, որը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ, հերոսներով և իրադարձություններով ինքնատիպ է։
-Ձեզ ի՞նչ է տալիս և ի՞նչ է խլում կինոն․․․
-Տալիս է կյանքի հանդեպ մեծագույն հետաքրքրություն, կյանքն ու մարդկանց եմ բացահայտում։ Կարճ ասած՝ կինոյում ու կինոյով երջանիկ եմ, որովհետև այդ կյանքում ապրում եմ բազմաթիվ կյանքեր։ Իմ ամբողջ կյանքն է կինոյի շուրջ պտտվում։ Մի բան կասեմ՝ շնորհակալ եմ Լյումիեր եղբայրներին, որ ստեղծեցին կյանքի մասին այս արվեստը։ Դեռ ինչքա՜ն չբացահայտված պահեր կան մեր կյանքում․․․