«Յուրաքանչյուր նոր օր նոր մեկնարկ է»․ Սերգեյ Սանոյան
Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի դասախոս Սերգեյ Սանոյանը ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ է։ Այժմ ինստիտուտում դասավանդելուն և կուրսի ղեկավար լինելուն զուգահեռ Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրենն է։
-Դասավանդելն այս բուհում առաջին հերթին պատիվ է։ Ինձ համար սա նաև նոր սերնդին գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու, ապագան գեղեցկացնողների գործին մասնակից դառնալու հնարավորություն է,-ասում է երիտասարդ դասախոսը։
Մենք զրուցել ենք Սերգեյ Սանոյանի հետ պրոդյուսերի մասնագիտության մասին և ոչ միայն։
-Ինչո՞ւ ընտրեցիք այս մասնագիտությունը, ի՞նչ է տվել այն Ձեզ, աշխատաշուկայում ինչպիսի՞ պահանջարկ ունի։
-Արվեստի կառավարում մասնագիտությունն իմ ամենասիրելի երկու գործոնների համադրումն է՝ կազմակերպչական և ստեղծագործական։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել Ռուբեն Բաբայանը, որը եղել և մնում է ոլորտի ամենապրոֆեսիոնալ գործիչներից մեկը, և ում խորհրդով ընդունվեցի ԵԹԿՊԻ` Արթուր Ղուկասյանի կուրս։ Նրա առաջնորդմամբ սկսեցի կայանալ իբրև մասնագետ։
Այս մասնագիտությունն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի։ Ուրախ եմ, որ այն մարդիկ, որոնք կասկածի տակ էին դնում այս մասնագիտության կարևորությունը, հիմա տեսնում և ընդունում են իրողությունը։
-Ուսումնասիրե՞լ եք` մրցունակ և կիրառական հմտություններով ու կարողություններով օժտված մասնագետները հեշտությա՞մբ են աշխատանք գտնում Հայաստանում։
-Կարծում եմ՝ որևէ բան հեշտ չի անել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հեշտ չէ, բայց ունեցել ենք Բաբկեն Ներսիսյան, ում գործը պատվով շարունակում է նրա որդին, թոռնուհին էլ սովորում է ԵԿԹՊԻ-ում և ընտրել է արվեստի կառավարում մասնագիտությունը։ Ունեցել ենք Սոս Սարգսյան, ում արվեստանոցի ուսանողները մեր թատերարվեստի լավագույն գործիչներից են, իրենց գիտելիքներն են փոխանցում արդեն երիտասարդ սերնդին՝ միասին կիսելով մեծ հայորդու կողմից հիմնադրված Համազգային թատրոնի բեմը։
Հեշտ չէ, բայց այսօր էլ ունենք իրենց գործին ու մասնագիտությանը նվիրված ուսանողներ։ Նրանք կուրսային աշխատանքներում մեծարում են հայ անվանի գործիչներին։ Այս մարդիկ հեշտությամբ չեն հարթել ու հարթում իրենց ճանապարհը, բայց դրանով են տարբերվել ու տարբերվում դատարկախոսներից։
-Ինչի՞ վրա պիտի հիմնվի դասախոս-ուսանող հարաբերությունը։
-Ինչպես յուրաքանչյուր հարաբերություն, այն ևս պիտի հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու պատասխանատվության վրա։
-Արվեստի կառավարման ոլորտ մտնող երիտասարդ մասնագետի համար մարդկային և մասնագիտական ի՞նչ որակներ են անհրաժեշտ:
-Աշխատասիրությունը բոլոր պարագաներում հարցին լուծում կտա։ Բոլոր այն երիտասարդ մասնագետները, որոնք հետևողական կլինեն իրենց ուսման գործում, վստահաբար կհաջողեն։ Իսկ նրանք, ովքեր կծուլանան, կգտնեն հազարավոր արդարացումներ։
-Ինչպե՞ս եք վերաբերվում նորին արվեստում և առհասարակ կյանքում։
-Յուրաքանչյուր նոր օր նոր մեկնարկ է, որին պետք է պատրաստ լինել այնքանով, ինչքանով հնարավոր է։