«ՌեԱ» փառատոնի շրջանակում ԵԹԿՊԻ-ում վարպետության դասեր անցկացվեցին
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում է:
Այս անգամ փառատոնի շրջանակում ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում միջազգային ճանաչում ունեցող մի խումբ մասնագետների կողմից անցկացվեցին վարպետության դասեր:
«Պատմողական անիմացիոն արվեստ» վարպետաց դասի ընթացքում Ժորժ Շվիցգեբելը խոսել է իր երաժշտության, ցիկլերի, տարածական շարժումների և մետամորֆոզների հանդեպ ունեցած կրքի մասին՝ օգտագործելով ֆիլմի հատվածներ, գծային փորձարկումներ և այլ նյութեր՝ ներկայացնելով իր ստեղծագործական գործընթացն ու մշակված տեխնիկաները:
Prima Linea/3.0 ստուդիայի պրոդյուսեր Քրիստոֆ Յանկովիչն էլ անդրադարձել է լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր ստեղծելու գործընթացում առկա գեղարվեստական, տեխնիկական և ֆինանսական մարտահրավերներին։ Վարպետության դասի առանձին հատվածում բանախոսը նաև անդրադարձել է «Ամենաթանկ Բեռը» ֆիլմի տեխնիկական ասպեկտներին։
Ամենասպասվածներից էր համաշխարհային ճանաչում ունեցող անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Քըրք Ուայզի վարպետության դասը: Վարպետը կիսվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայում ունեցած իր փորձառությամբ, խոսել է պատմասացության առկա մարտահրավերներից, ինչպես նաև իր ռեժիսորական աշխատանքների կառուցվածքից:
Նշենք, որ Քըրք Ուայզը եղել է Դիսնեյի դասական գործերի համառեժիսոր, ինչպիսիք են «Գեղեցկուհին և հրեշը» («Օսկարի» լավագույն ֆիլմ անվանակարգում երբևէ առաջադրված առաջին անիմացիոն ֆիլմը) և «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը»։ Նա նաև աշխատել է «Ատլանտիս․ կորսված կայսրությունը» և բազմաթիվ այլ սիրված ֆիլմերի վրա:
Շվեյցարացի անիմատոր և նկարազարդող Էլոդի Դերմանժը «Ձայնից` էկրան. անիամացիոն վավերագրական ֆիլմերի ստեղծման գործընթացը» թեմայով վարպետության դասի ընթացքում ընդգծել է ձայնի օգտագործման առանձնահատկությունները անիմացիոն վավերագրական ֆիլմերում, գործնական օրինակներով ներկայացրել ձայնի և նկարի փոխազդեցությունը, ինչպես նաև կիսվել իր ստեղծագործական փորձով: Դերմանժը նաև ցուցադրել է իր կարճամետրաժ ֆիլմերը՝ «Մտերմություն», «Ինես» և «Արմատ»:
Վարպետության դասերին մասնակցում էին ԵԹԿՊԻ-ի դասախոսներն ու ուսանողները, անիմացիոն ֆիլմերի երկրպագուները, փառատոնի հյուրերը: