Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսանողներին, դասախոսներին ողջունել և շնորհավորել է ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը՝ հաջողություններ մաղթելով ուսումնական և ստեղծագործական կյանքում։
Հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է ուսանողների ստեղծագործական աշխատանքներն ամփոփոխ «Art and Fun» թատերականացված շոու ծրագրով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը բուհի ռեկտոր Սառա Նալբանդյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և դասախոսների հետ դիտել է բուհի ուսանողների վերջին տարիների բեմադրություններից հատվածներ:
Ռեկտորի խոսքով՝ ուսանողների ստեղծագործական աշխատանքները հանրահռչակելն առանցքային նշանակություն ունի և ամեն հնարավոր քայլ արվում է այդ գործընթացն ակտիվացնելու համար։
Թատերականացված շոուի ավարտին բակալավրիատի և մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտներին դիպլոմները հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։