Իսպանացի ռեժիսորը ԵԹԿՊԻ-ում վարպետաց դասեր է անցկացրել
Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի և ԵԹԿՊԻ-ի համագործակցությամբ իսպանացի ճանաչված ռեժիսոր Էրիկ Բուադելլան վարպետաց դասեր է անցկացրել ուսանողների համար։
Առաջին օրը մասնակիցները նախապատրաստվեցին քասթինգի, սովորեցին՝ ինչպես պետք է ներկայանալ և ինքնադրսևորվել քասթինգի ժամանակ։ Կինոռեժիսորն անդրադարձավ նաև քասթինգի անցկացման հետ կապված մի շարք կարևոր հարցերի։ Գործնական առաջադրանքների միջոցով ուսանողները ձեռք բերեցին նոր հմտություններ։
Երկրորդ օրն ուսանողներն իրականացրել են նկարահանումներ՝ հետևելով Էրիկ Բուադելլայի ցուցումներին: Ուսանողական թատրոնի ճեմասրահը դարձել էր նկարահանման հրապարակ։
Գործնական ներգրավվածությունն ուսանողներին տվեց նոր պատկերացումներ և հմտություններ, որոնք կինոարտադրության ոլորտում անհրաժեշտություն են, ինչպես օրինակ՝ տեսախցիկի հետ աշխատանքում, ռեժիսոր-դերասան ստեղծագործական աշխատանքում:
Ուսանողները սովորել են տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել և արագ մտածել, փոփոխվող հանգամանքների պայմաններում ստեղծագործական լուծումներ գտնել խնդիրների համար:
Նշենք, որ նմանօրինակ վարպետաց դասերը նպատակ ունեն ուսանողներին պատրաստել կինոարտադրության միջավայրին, ինչպես նաև նպատակ ունեն նոր դռներ բացել նրանց ստեղծագործական կյանքի համար: