12 դեկտեմբերի, 2024 թ.

Հոբելյանական գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Արվեստի պատմության և տեսության ամբիոնի նախաձեռնությամբ կայացել է «Արվեստ և կրթություն․ հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված ԵԹԿՊԻ-ի հիմնադրման 80 ամյակին։

{alt}

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ կարևորելով նմանօրինակ գիտական նստաշրջաններն ու կատարված գիտական աշխատանքների քննարկումն ու հրատարակումը։

Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը խոսելով ԵԹԿՊԻ-ի երկարամյա ճանապարհի մասին՝ անդրադարձել է բուհի մշակութային, կրթագիտական անգնահատելի ավանդին ու շարունակվող լավագույն ավանդույթներին։

{alt}

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը շնորհավորել է բուհի 80 ամյակը՝ մաղթելով ստեղծագործական ակտիվ ընթացք։

-Այստեղ են սովորում մեր թատերարվեստի և կինոարվեստի վաղվա սյուները։ Եվ այստեղ նվիրյալներ են աշխատում՝ հանձինս պրոֆեսորադասախոսական անձնակազմի։ Ուսանողներին բացահայտելու համար նրանք կյանք ու հոգի են դնում,-նշել է Աննա Ասատրյանը։

{alt}

Պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի խոսքով՝ ԵԹԿՊԻ-ն տուն է, ինքն այս բուհ տան պես է մտնում։

{alt}

-Սա համամշակութային նշանակություն ունեցող բուհ է, այդպես էլ իր կենսագրությունը սկսել է։ Այս բուհից ելած տաղանդավոր մարդիկ դարձել են ամբողջ ժողովրդի սիրելին,-ընդգծել է վաստակաշատ պրոֆեսորը: Նա նաև անձնական հավաքածուից Լուիզա Սամվելյանի դիմանկարը նվիրել է բուհին:

Գիտաժողովի երկու նիստերի ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները բազմաբովանդակ թեմաներով զեկույցներով հանդես եկան։ Զեկուցված նյութերը կհրատարկվեն «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուում։