Մեր ուսանողը՝ բալետի միջազգային մրցույթի հաղթող
Վիեննայում կայացած Եվրոպական բալետի գրան պրի միջազգային մրցույթում մեր բուհի ուսանող Գոռ Սարգսյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Մրցույթին մասնակցում էին երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ:
Գոռը սովորում է «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությամբ՝ հեռակա համակարգի չորրորդ կուրսում: Ասում է. «Կարծում եմ` կյանքն այնքան կարճ է, որ մարդ պետք է ճիշտ ընտրություն անի, ընտրի մի ուղի, որն ինքն է հավանում և հավատում»։ Նա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող է:
Միջազգային ժյուրին բարձր գնահատեց Գոռի կատարումները: Ինչպես նաև մրցույթի ավարտին որպես բալետի արտիստ հրավերներ է ստացել երեք տարբեր թատրոններից։
Գոռը մեզ հետ զրույցում նշեց, որ երկար է աշխատել այս կարևոր արդյունքին հասնելու համար:
-Բալետն ինձ համար ներդաշնակություն ապահովող արվեստ է. նրա հետ երբեք չես հոգնում, չես վիճում, միշտ զրուցում ես նրա միջոցով, պատմում շատ բաների մասին, երբեմն պատմելուց զգում ես, որ կախարդական դղյակում ես հայտնվել։ Իսկ այդ դղյակն այս աշխարհում է, որտեղ մենք ապրում ենք, ամեն օր արթնանում, վայելում մեր հարազատների սերն ու ջերմությունը,-վստահեցնում է Գոռ Սարգսյանը:
Նշենք, որ Եվրոպական բալետի գրան պրի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2017 թվականին Ավստրիայում: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարի միջազգային խորհրդի անդամ է: