Նարիման Սարկուլովը՝ ԵԹԿՊԻ-ի պրակտիկանտ
Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանող Նարիման Սարկուլովը երկշաբաթյա ուսումնական պրակտիկա է անցել ԵԹԿՊԻ-ում:
Նարիմանն անկեղծանում է՝ շատ տեղեկություններ չուներ հայ թատերարվեստի մասին և այս էր պատճառը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ընտրելու համար:
-Հայ ժամանակակից թատրոնին ծանոթացա ներկա լինելով Նարինե Գրիգորյանի մոնոներկայացմանը։ Շատ տպավորված եմ նրա դերասանախաղով: Ընդհանրապես ես կողմ եմ այս տեսակի բնական խաղի, բնական զգացմունքայնությանը,-ասում է Նարիմանը:
Երկշաբաթյա պրակտիկան ներառում էր արվեստագիտության թեկնածու Անի Հարությունյանի դասախոսությունները, գիտահետազոտական աշխատանքներ, հարցազրույցներ արվեստի ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետների հետ, այցելություն թատրոններ և ներկայացումների դիտում:
Նարիմանը նաև հանդիպել է ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրայի ուսանողների հետ, խոսել թատերարվեստի ժամանակակից միտումներից ու պատասխանել ուսանողների հարցերին: