ERASMUS+ IRO meetup. հանդիպում ԵԹԿՊԻ-ում
ԵԹԿՊԻ-ի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Էրազմուս+ Միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների՝ ERASMUS+ IRO meetup հանդիպումը: Նմանօրինակ միջոցառում ինստիտուտում անցկացվում է առաջին անգամ: Ռեկտոր Սառա Նալբանդյանը խոսել է միջազգային ծրագրերի արդյունավետության մասին և կարևորել դրանց շարունակական բնույթը: -Կարճ ժամանակահատվածում մեր բուհը գործընկերային հարաբերություններ է ձևավորել տարբեր երկրների դեսպանատների հետ, ինչը ենթադրում է համագործակցություն՝ մի շարք ուղղություններով: Ուրախ կլինենք, որ արտերկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները մեզ հետ փոխանակման ծրագրերն ակտիվացնեն: Նաև խրախուսելի է տեղական բուհերի փոխհամագործակցությունը: Մեր ինստիտուտի Միջազգային կապերի բաժինը բազմաթիվ դրական արդյունքներ ունի, և կարծում եմ՝ իրականացվող և սպասվող բոլոր ծրագրերը կխթանեն բուհի միջազգայնացմանը տարբեր ուղղություններով,-նշել է Սառա Նալբանդյանը: Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրել է ծրագրի նոր փուլի մանրամասները, չափանիշներն ու կանոնակարգերը, որին հաջորդել է քննարկում: Հանդիման մասնակիցները նաև մտքերի փոխանակման հնարավորություն են ունեցել: Լանա Կառլովան կոչ է արել ներկաներին ակտիվությամբ մասնակցել հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին և արդյունավետորեն օգտվել Էրազմուս+ ծրագրի հնարավորություններից: ԵԹԿՊԻ-ի Միջազգային կապերի բաժնի պետ Զարուհի Սահակյանը խոսել է իրականացված և ընթացիկ փոխանակման ծրագրերի մասին, ներկայացրել ծրագրերում ներառված ուսանողներին, դասախոսներին և վարչական աշխատողներին, նաև մատնանշել է հետագա համագործակցությունների ուղիներն ու հնարավորությունները: