5 հոկտեմբերի, 2024 թ.

«Կինոկրթություն. ԱՊՀ անդամ երկրների համատեղ կրթական նախագծեր» փառատոնից ԵԹԿՊԻ-ի ներկայացուցիչները մրցանակներով են վերադարձել

ԵԹԿՊԻ-ի ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանում կայացած «Կինոկրթություն. ԱՊՀ անդամ երկրների համատեղ կրթական նախագծեր» լայնամասշտաբ փառատոնին։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ փառատոնի մասնակիցներին ողջունել է ռեկտոր Սառա Նալբանդյանը։ Բուհի ներկայացուցիչները հանդես են եկել Կոմիտասի «Սոնա յար» երգով, որն արժանացել է ջերմ ընդունելության։

Փառատոնի շրջանակում կազմակերպվել են վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, գիտագործնական գիտաժողովներ։

{alt}

Ուսանողական գիտագործնական գիտաժողովին «Հետհայաց հետխորհրդային հայկական կինոյին» զեկույցով ներկայացել է մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հովհաննես Գիշյանը (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Անետա Երզնկյան): Իսկ «ԱՊՀ անդամ երկրների կինոարդյունաբերությունը և ազգային կինոդպրոցները. ավանդույթներ և նորարարություն» միջազգային գիտագործնական համաժողովին «Ստեղծագործական կադրերի պատրաստման համակարգերի և ձևաչափերի վերլուծություն հայկական կինոդպրոցի օրինակով» զեկույցով հանդես է եկել ԵԹԿՊԻ-ի ռեկտորի խորհրդական, Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը։ Զեկույցները հոդվածների տեսքով տպագրվել են առանձին ժողովածուներում։

{alt}

Փառատոնի մրցութային ծրագրին մասնակցել են 8 երկրների 16 կինոդպրոցներ։ Ռուբի Մարդիրոսյանի «Ետ նայիր» ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմի ռեժիսուրա» մրցանակին (աշխատանքի ղեկավար՝ Արշակ Մարգարյան)։

Իսկ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Մարինա Սոլոյանի «Գարնան առաջին մեծ լվացքը» ֆիլմն արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին (աշխատանքի ղեկավար՝ Ջիվան Ավետիսյան)։