22 փետրվարի, 2025 թ.

Մի կուրսի պատմություն․ Արմեն Էլբակյանի արվեստանոց

Learning Concepts With Energy Functions

Արմեն Էլբակյանի արվեստանոցի ուսանողները համոզված են, որ դերասանի մասնագիտությունը կյանքի մասին է։ Նրանք կարծում են, որ ԵԹԿՊԻ-ում տեսել են աշխարհի փոքր մոդելը, որտեղ յուրաքանչյուր մանրուք հնարավորություն է տվել հասկանալ մարդկային բնույթը, հարաբերությունները և կյանքի բազմաշերտությունը։

-Ինչպիսի՞ն էին ձեր առաջին օրերը ԵԹԿՊԻ-ում։

-Առաջին օրերին բոլոր կուրսերում էլ նույն մթնոլորտն էր։ Բոլորս շատ ոգևորված էինք։ Սպասում էինք հաջորդ օրվան, դասախոսների հետ էինք ծանոթանում, նոր առարկաներ, նոր ծանոթություններ։ Եվ ի վերջո 26 շատ տարբեր մարդ` նույն լսարանում։

some alt

-Ի՞նչն էր ամենադժվարը սկզբում։

-Մեր` շատ լինելը։ Դժվար էր հարմարվել, ծանոթանալ, ճանաչել և հատկապես փորձել սիրել։ Բացի այդ, սկզբում մասնագիտական դասերը շատ էներգիա էին խլում մեզնից։ Բացի դրանից, որպես դերասան, պետք է ցույց տայիր քո հիմնական ունակությունները, իսկ դա անել մարդկանց մոտ, որոնց նոր ես ճանաչում, այդքան էլ հեշտ չէր։

-Ո՞րն է ամենահիշարժան պահը, որ ունեցել եք որպես կուրս։

-Ջերմ պահեր շատ ենք ունեցել։ Առաջին կուրսում դերասանի վարպետության եզրափակիչ քննությունն էր, երբ ամռան շոգին նստել էինք կրակի շուրջ ու մեր վարպետի սիրելի երգն էինք երգում։ Վարժանքները, որոնց ժամանակ իրար էինք բացահայտում և իհարկե մեր վարպետի հետ ամենամարդկային ու ջերմ զրույցները։

some alt

-Ի՞նչ եք սովորել ոչ միայն մասնագիտության, այլև կյանքի մասին այս չորս տարիների ընթացքում։

-Քանի որ մեր մասնագիտությունը հենց կյանքի մասին է, մենք մեր և ինստիտուտի ներսում տեսանք աշխարհի փոքրիկ մոդելը՝ իր բոլոր կողմերով։ Եվ դա միայն մեզ կոփելու մասին է․․․

some alt

-Ինչպե՞ս է ձեր կուրսը փոխվել և զարգացել տարիների ընթացքում։

-Մեր կուրսում գրեթե ոչինչ չի փոխվել, ինչն ուրախացնում է։ Փոխարենը մասնագիտական առումով սկսել ենք իրար կես բառից հասկանալ։

-Ինչպիսի՞ն է ձեր կուրսի մթնոլորտը։

-Ինչպես այս օրերի եղանակը՝ ծանր, անկայուն (ծիծաղում են,-խմբ․)։ Հիմնականում հումորային, ազատ, անկաշկանդ մթնոլորտ է։

some alt

-Կուրսի ղեկավարի մասին․․․

-Արմեն Էլբակյանը մեզ հետ հենց սկզբից եղել է անկեղծ, ինչպես որ կա։ Նրա ներկայությամբ անհնար էր ամաչել։ Ամեն անգամ սպասում էինք, որ գա դասի ու տեսնի մեր էտյուդները, շտկի, բացատրի, որ ճանաչենք մեզ։ Նույնիսկ շատ վատ խաղացած էտյուդից հետո չէր շեշտում թերությունները, այլ բացատրում էր աշխարհի բոլոր օրինակներով ու դրանք չէր ներկայացնում որպես խայտառակություն։

Վարպետի մոտեցումները շատ նուրբ և դիպուկ են։ Նման դեպքերում ասում է, որ բոլորս էլ պիտի անդադար սխալվենք։

Մասնագիտական և մարդկային բոլոր արժեքներն իրենից ենք սովորել։ Նա հազվադեպ օրինակն է, որ անպայման չէ ռեժիսորը կամ դերասանը «կեղտոտ» մարդ լինի։ Նա այս մասնագիտությունը «մաքրել» և իր իսկական ձևով է ներկայացրել մեզ։

some alt

-Դասախոսների մասին․․․

-Մեր կուրսն այն եզակի կուրսերից է, որ աշխատել է գրեթե բոլոր դասախոսների հետ։ Կային դասախոսներ, որ մեզ չէին հասկանում, և հրաժարվում էին մեզանից, կային որոնք պատրաստ չէին աշխատել 20-ից 10-ը հոգու հետ, հրաժարվում էին, կար դասախոս, ումից մենք ենք հրաժարվել։ Եվ կան դասախոսներ, ովքեր մեզ թևեր են տվել, ուժ, կամք։ Թատերականի դասախոսներն իրարից շատ տարբեր են։ Յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի։

-Ո՞վ է ձեր կուրսի ամենակատակասերը կամ«խորհուրդ տվողը»։

- Բոլորս էլ կատակասեր ենք, բայց 10/10 կատակներ անում է Էդուարը։

-Ի՞նչն է ձեզ միավորում որպես կուրս։

-Էմմին՝ իր դրամական հավաքներով կուրսային ծախսերի համար (ծիծաղում են,-խմբ․)։ Մեր վարպետի տված դասերը, իր խոսքերը, որոնք միայն մենք գիտենք։ Մեզ հետ պատահած իրադարձություններից ստեղծված կատակները, որը միայն մենք ենք հասկանում։ Մեր ապրած շատ լավ և շատ վատ պահերը։ Մեր ստեղծած աննշան, բայց արժեքավոր էտյուդները, քննությունները, ներկայացումը։

-Ինչպիսի՞ ծրագրեր ունեք բուհն ավարտելուց հետո։

-Հասկանալ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում։ Բայց թե ո՞ւր ենք գնալու, կարծես թե հասկացել ենք։ Գնալու ենք ծննդատուն և սպասելու կուրսի թոռնիկի լույս աշխարհ գալուն։ Գարիկը հայր է դառնալու։

some alt

-Ո՞րն է ձեր կուրսի ընդհանուր երազանքը կամ նպատակը։

-Բարձր պահել մեր վարպետի անունը, իսկ դա կարող ենք անել միայն մեր գործին լուրջ մոտենալով։

-Կա՞ արդյոք ինչ-որ զվարճալի կամ անսպասելի դեպք, որը ամբողջ կուրսի հետ պատահել է։

-Երբ ամեն շաբաթ հնարում էինք, թե մեզնից ինչ-որ մեկի ծնունդն է և խնդրում էինք դասախոսներին իրենց դասաժամին տոնել այն։ Եվ այդպես ամեն շաբաթ։ Հիմնականում ստացվում էր։

some alt

-Ե՞րբ եք ձեր կուրսում առաջին անգամ զգացել, որ դարձել եք ընտանիք։

-Երբ աղջիկները սկսեցին մաքրել լսարանը, իսկ տղաներն աղբը թափել, և երբ դրանք առաջացրին շատ մեծ ընտանեկան և կենցաղային կռիվներ։

-Ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր ցանկանում են անցնել այն ուղին, որը դուք անցաք։

-Ամենակարևորը՝ պատրաստ լինել ամենատարբեր իրադարձություններին։ Սովորել տեսնել ու գնահատել քեզ, քո արածն ու իրադարձություններն այնպես, ինչպիսին կան։ Կուրսում առաջին իսկ օրվանից լինել ինչպես մի ընտանիք։

some alt

-Ինչպիսի՞ «ժառանգություն» եք ուզում թողնել որպես 4-րդ կուրս։

-Լավ կլիներ իհարկե, որ դա լիներ գույք կամ երեք սենյականոց բնակարան Ամիրյան փողոցում, բայց սա թատերականն է, և մեր ժառանգությունը հիշողություններն են, մեծ կյանքի փորձն է, որոնք բոլորս ձեռք բերեցինք։ Իսկ ինստիտուտին ժառանգություն կմնա մեր Դավթյան Դավիթը, որը մեզ հետ այդպես էլ չի ավարտի ինստիտուտը։

some alt