17 փետրվարի, 2025 թ.
Մի կուրսի պատմություն․ Գոռ Մարգարյանի արվեստանոց

Յուրաքանչյուր ուսանող ունի իր պատմությունը, սակայն ԵԹԿՊԻ-ն «Մի կուրսի պատմություն» նախագծի շրջանակում ներկայացնում է ողջ կուրսի չորս տարիների պատմությունը։ Գոռ Մարգարյանի արվեստանոցի ուսանողներն ուսումնառության չորս տարիներին, բացի գիտելիքից ու մասնագիտական որակներից, ստացել են մի շարք խորհուրդներ ամբողջ կյանքի համար, ապրել երջանիկ պահեր, գրանցել կարևոր հաջողություններ, նախանշել նպատակներ։ Այս կուրսի հետ զրույցը վերահաստատում է այն փաստը, որ ԵԹԿՊԻ-ն կարևոր առաքելություն ունի։
-Ինչպիսի՞ն էին ձեր առաջին օրերը ԵԹԿՊԻ-ում։
-Առաջին օրերն անսովոր էին։ Ամբողջ օրն անց էինք կացնում բուհում, կուրսընկերներին ավելի շատ էինք տեսնում, քան տան անդամներին, և չէինք հասկանում՝ նորմա՞լ է, թե՞ ոչ: Առավոտից երեկո թրեյնինգներ, փորձեր, էտյուդներ, պար, երգ, մեր օրը խիտ էր և արդյունավետ:

-Ի՞նչն էր ձեզ համար ամենադժվարը սկզբում։
-Բարդ էր ընտելանալ նոր գրաֆիկին, դասախոսներին, դասապրոցեսին, դպրոցական իրականությունից մենք ընկանք թատերական մեծ ու հզոր ալիքի մեջ:

-Ո՞րն է ամենահիշարժան պահը, որն ունեցել եք որպես կուրս։
-Չորս տարիների ընթացքում շատ հիշարժան պահեր ենք ունեցել։ Միասին մոտ մեկ ամիս ապրել ենք Գյումրիում և հնարավորություն ենք ունեցել ստեղծագործել Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Երկրորդ կուրսում մեր ներկայացումն առաջադրվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, որտեղ հաղթեցինք «Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում: Սա մեր լավագույն հիշողությունը կմնա ուսանողական կյանքից։

-Ի՞նչ եք սովորել ոչ միայն մասնագիտության, այլև կյանքի մասին այս չորս տարիների ընթացքում։
-Առողջ մրցակցություն, հանդուրժողականություն, հարգանք, համբերություն․ այս բոլոր հատկանիշները մեր մեջ արմատավորեց հենց Թատերականը:

-Ինչպե՞ս է ձեր կուրսը փոխվել և զարգացել տարիների ընթացքում։
-Տարիների ընթացքում մենք միասին մեծացանք, ձեռք բերեցինք բնավորության լավ ու վատ գծեր, դարձանք ավելի ճկուն, հղկեցինք մեր ճաշակը և ավելի մոտեցանք արվեստին:

-Ինչպիսի՞ն է ձեր կուրսի մթնոլորտը։
-Մթնոլորտը կախված է մեր բոլորի տրամադրությունից և այդ օրվա դեպքերից։ Քննական շրջանում լարված, փորձերի ժամանակ՝ համախմբված, իսկ ներկայացումների ժամանակ՝ ուշադիր ու միասնական։ Բայց, իհարկե, բոլոր անախորժությունները, որոնք երբեմն պատահում էին, հարթվում էին, երբ նստում էինք մի սեղանի շուրջ, ուտում էինք, խոսում և ծիծաղում:

-Կուրսի ղեկավարի մասին․․․
-Մենք մեզ համարում ենք հաջողակ ուսանողներ, քանի որ հենց Գոռ Մարգարյանն է մեր կուրսի ղեկավարը: Այս տարիների ընթացքում մենք գերագույն հաճույք ենք ստացել նրա հետ աշխատելուց, նրանից սովորել ենք շատ ու շատ բաներ և, իհարկե, դեռ սովորելու ենք: Բացի լավ ռեժիսոր լինելուց, նա բարի մարդ է, կուրսի հոգատար ղեկավար, խիստ, պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ՝ ավագ ընկեր ու խորհրդատու:

-Դասախոսների մասին․․․
-Մեր դասախոսները մեզ ուղեկցել են այս չորս տարիների ընթացքում. երբեմն նախատել են, երբեմն բարկացել, գովել և խրախուսել են: Մեր բոլոր դասախոսները մեր ավագ ընկերներն են։ Բացի դասերից, նրանք մեզ շատ բաներ են սովորեցրել կյանքի մասին։ Երբեմն հենց նրանց օգնությամբ ենք կարողացել հաղթահարել տխուր պահերը, նրանց խորհրդով ենք կայացրել ամենակարևոր որոշումները:

-Ո՞վ է ձեր կուրսի ամենակատակասերը կամ «խորհուրդ տվողը»:
-Ահա մեր թոփ երեք կատակասերները՝ Սոնա, Սերգեյ, Գեղամ, իսկ խորհուրդները, իհարկե, տալիս է Դավիթը:
-Ի՞նչն է ձեզ միավորում որպես կուրս։
-Մեզ, որպես կուրս, միավորում է համեղ սնվելը (ծիծաղում են,-խմբ․):

-Ինչպիսի՞ ծրագրեր ունեք բուհն ավարտելուց հետո։
-Ինչպես և բոլորինը, մեր նպատակը նույնպես մեր մասնագիտությամբ աշխատելն է, ստեղծագործելը և դրանից հաճույք ստանալը:

-Ո՞րն է ձեր կուրսի ընդհանուր երազանքը կամ նպատակը։
-Մեր երազանքը շատ պարզ ու հասարակ է։ Ուսանողական թոհուբոհից զատ, մենք ընդամենը ցանկանում ենք ամուսնացնել մեր կուրսընկերներից մեկին ու մեկին, և բոլորով մի լավ ուրախանալ նրա հարսանիքին:

-Կա՞ արդյոք ինչ-որ զվարճալի կամ անսպասելի դեպք, որն ամբողջ կուրսի հետ պատահել է։
-Այս չորս տարիների ընթացքում ամենագեղեցիկ, էմոցիոնալ և հուզիչ դեպքը գրանցվեց փետրվարի 13-ին, երբ փորձի ժամանակ Արմենն ամուսնության անակնկալ առաջարկ արեց Լիլիթին:

-Ե՞րբ եք ձեր կուրսում առաջին անգամ զգացել, որ դարձել եք «ընտանիք»։
-Զգացել ենք, որ ընտանիք ենք, երբ պատահաբար հայտնվեցինք մի տան մեջ, որտեղ մոտ մեկ ամիս պետք է ապրեինք, և քանի որ ամբողջ տունը պետք է մաքրեինք և կարգի բերեինք, մենք իսկական ընտանիքի պես գործի անցանք։ Հենց այդ պահից էլ դարձանք մեկ ընտանիք:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր ցանկանում են անցնել այն ուղին, որը դուք անցաք։
-Խորհուրդ կտանք աշխատել, զարգանալ, կրթվել, լուրջ վերաբերվել իրենց ընտրած մասնագիտությանը և ամենակարևորը երբեք չհուսահատվել:
-Ինչպիսի՞ «ժառանգություն» եք ուզում թողնել որպես 4-րդ կուրս։
-Չենք կարծում, որ արդեն արել ենք մի բան, որը որպես ժառանգություն կթողնենք, բայց հաջորդ կուրսը մեզանից կժառանգի մեր սիրելի JBL PARTY BOX 100 դինամիկը:
