13 հունվարի, 2025 թ.
Երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկումը

Հունվարի 10-ին մեկնարկել է Երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկումը, որը համախմբում է 25 երիտասարդ հայ դերասանների և ռեժիսորների, ովքեր ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի և ֆրանսախոս հրավիրյալ արտիստների մեթոդաբանությանը, ժամանակակից թատրոնի և կինոյի ավանդույթներին և միտումներին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երկլեզու դրամատիկական արվեստանոց նախագծի ղեկավար, ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը հայտնել է, որ արվեստանոցի արդյունքներն անգնահատելի և անպատկերացնելի են։
-Չորրորդ շրջանի հրավիրյալ արտիստներն են՝ Լիզա Թորորմանյանը, Անն Կուտյուրոն, Լորան Բերժեն, Իվան Մորանը Ֆրանսիայից և Լինա Ռիյադ Աբյադը՝ Լիբանանից։ Թողարկման ավարտին արվեստանոցի տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Վիլեր Կոտրեի Ֆրանսերեն լեզվի միջազգային ավանում,-նշել է Սերժ Ավետիքյանը։

Ավետիքյանը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանին՝ արվեստանոցն արդեն երկրորդ տարին ԵԹԿՊԻ-ում հյուրընկալելու և աշխատանքների ընթացքին աջակցելու համար։
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանն անդրադառնալով ֆրանկոֆոնիայի ճանապարհն ընտրած բուհի ընթացիկ ծրագրերին և ձևավորված համագործակցություններին՝ կարևորել է Երկլեզու դրամատիկական արվեստանոցի գործունեությունը, ընդգծել դրա մշակութային, կրթական բազմաթիվ հնարավորությունները։

-Արվեստանոցը երիտասարդ ստեղծագործողներին իրենց մտահորիզոնն ընդլայնելու հնարավորություն է ընձեռում։ Մեր բուհը թատերական արվեստի բազա է տալիս, իսկ արվեստանոցի շնորհիվ մասնակիցները նոր մոտեցումներ են յուրացնում։ Ամենակարևորն այն է, որ նրանցից մի քանիսը մեկնում են Ֆրանսիա և այնտեղ են ծանոթանում նորամուծություններին ու այդ ամենը բերում են Հայաստան,-նշել է ռեկտորը։
Սառա Նալբանդյանը նաև ընգծել է, որ լեզուն աշխարհայացք է, իսկ ֆրանսերենին տիրապետելը կարևոր է, քանի որ դա թույլ է տալիս հասկանալ ֆրանսիական մշակույթն իր ողջ խորությամբ ու հարստությամբ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շարունակական համագործակցության համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանին։
Նշենք, որ չորրորդ թողարկման գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Փարիզի քաղաքապետարանը, «Ազնավուր» և «Мiassine» հիմնադրամները, «SPFA» ասոցիացիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Վիլեր Կոտրեի Ֆրանսերեն լեզվի միջազգային ավանը։

Լուսանկարները՝ ԵԹԿՊԻ-ի և «Արմենպրեսի»